AM
4 Դեկտեմբեր 2012 - 12:45 AMT

Քեթրին Ջեյն Լիչը ողջունում է ԵՄ հետ համագործակցության ուղղությամբ Հայաստանի ջանքերը

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին:

Ողջունելով դեսպանին ` ԱԺ նախագահը նշել է, որ վերջին տարիներին հայ-բրիտանական համագործակցությունը զարգանում է և Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման համար կարևոր է օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացումը: «Մենք կարևորում ենք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև միջխորհրդարանական համագործակցությունն այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է և ես` որպես ԱԺ նախագահ, պատրաստ եմ ջանքեր գործադրել հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ և աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահի համոզմամբ՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման և ամրապնդման, տարբեր ձևաչափերի շփումների ակտիվացման և փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարևորել է նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դեսպան Լիչը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական փոխգործակցության զարգացումն ու խորացումը տարբեր ուղղություններով և այս համատեքստում կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Լիչը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան` որպես ԵՄ անդամ երկիր կարևորում է Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացումը և ողջունում է Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, սաֆարովյան գործին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: