AM
5 Դեկտեմբեր 2012 - 13:39 AMT

Նորվեգիայում հետաքրքրվում են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հնարավոր բնագավառներով

Դեկտեմբերի 4-ին Նորվեգիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Նորվեգիայի Թագավորության Խորհրդարանի` Ստորտինգի, նախագահ Դագ Տերյե Անդերսենի հետ:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Աղաջանյանն անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին: Նորվեգիայի խորհրդարանի խոսնակը հետաքրքրվեց նաև Նորվեգիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության հնարավոր բնագավառներով:

Որպես հնարավոր տնտեսական համագործակցության ոլորտներ ՀՀ դեսպանը նշեց տարածքների արդիականացման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառները:

Պարոն Դագ Տերյե Անդերսենը վերահաստատեց դեռևս 2005թ. Հայաստան կատարած այցի ժամանակ Ստորտինգի նախկին նախագահ Յորգեն Կոսմոյի կողմից Հայաստանի Ազգային ժողովի նախագահին արված Նորվեգիա այցելելու հրավերը:

Նույն օրը դեսպան Աղաջանյանը հանդիպեց Նորվեգիայի Խորհրդարանի Աշխատավորական կուսակցության պատգամավորներ, Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ Սվերրե Միրլիի, Սվեն Ռոալդ Հանսենի և նույն կուսակցության պատգամավոր, Արդարադատության հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիգվարդ Օպպեբյոեն Հանսենի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը մանրամասն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններին և մարտահրավերներին: Մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցության մասին: Դեսպանը կարևորեց Հայաստան-Նորվեգիա բարեկամության խմբի գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում և հույս հայտնեց, որ Նորվեգիայի խորհրդարանում ևս կստեղծվի Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերած տնտեսական և մարդասիրական աջակցությանը: