AM
6 Դեկտեմբեր 2012 - 05:59 AMT

«Առավոտ». ԲՀԿ-ն ուզում է տպավորություն ստեղծել, որ Մարտի 1-ի քննարկումից չի վախենում

«Առավոտ»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին ներկայացուցիչ,«Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» կազմակերպության նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է դեկտեմբերի 3-ին Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած` Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկության հետաձգման առթիվ ԲՀԿ-ականների արտահայտած զարմանքին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ իրենց համար մի քիչ անհասկանալի է Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հեղինակի` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի «պայծառ լավատեսությունը», որով նա ընդառաջ գնաց մեծամասնության առաջարկին` մեկ տարով հետաձգել նախագիծը:

Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Ըստ ամենայնի, նրանց զարմանքը պայմանավորված էր նրանով, որ նրանք, հավանաբար, հիմնվելով ՀԱԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա` սպասում էին լրիվ այլ զարգացումների: ԲՀԿ-ին անհրաժեշտ էր, որպեսզի պետաիրավական հանձնաժողովում տեղի ունենար քվեարկություն, որի ընթացքում իրենք կքվեարկեին կողմ, իշխանական կոալիցիան կքվեարկեր դեմ, հարցը չէր մտնի օրակարգ, ինչով տպավորություն կստեղծվեր, որ «Բարգավաճ Հայաստանը», ի տարբերություն իշխանական կոալիցիայի, Մարտի 1-ի թեմայի քննարկումից չի վախենում, նույնիսկ ավելին` ձգտում է այդ քննարկմանը: Դրանով իսկ փորձ էր արվելու մոռացության տալ 2008-ին իրենց կոալիցիայի մաս լինելու փաստը, հեռացնել Մարտի 1-ի իրադարձությունների համար իրենց պատասխանատվության խնդիրը և դրանով իսկ «մաքրվել» գալիք նախագահական ընտրություններից առաջ»,-նրա խոսքերն է մեջբերում «Առավոտ»-ը: