AM
6 Դեկտեմբեր 2012 - 12:48 AMT

ԼՂՀ ԱԳ նախարար. ԵԱՀԿ Մինսի խումբը մեծ ներուժ ունի, որն իրեն դեռ կդրսևորի

Առաջին անգամ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում ԱՄՆ-ում է Կարեն Միրզոյանը: Այցի նպատակը ԱՄՆ կոնգրեսում ԼՂՀ անկախությանը նվիրված ավանդական դարձած միջոցառմանը մասնակցելն է, որտեղ նախատեսվում է նաև նախարարի ելույթը: «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Կարեն Միրզոյանն անդրադարձել է նաև այցի ընթացքում նախատեսված մյուս հանդիպումներին:

«Նախատեսվում են նաև մի շարք այլ հանդիպումներ այն քաղաքական գործիչների հետ,ովքեր սատարում են ղարաբաղյան հիմնահարցում մեր դիրքորոշումը, աշխատում են մեզ հետ: Այս այցի նպատակը ոչ թե պաշտոնական հանդիրպումներն են, այլ Ղարաբաղը ներկայացնելը, Ղարաբաղի մասին ճշմարտությունը պատմելը, այն իրավիճակի մասին, որը այսօր կա Ղարաբաղում, այն խնդիրների մասին, որոնք մենք ունենք և այն անելիքների մասին, որոնք մեր առջև դրված են», – ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Նրա խոսքով՝բանակցային գործընթացը սառեցված չէ, որովհետև պարբերաբար տեղի են ունենում որոշակի շփումներ, համանախագահների այցեր տարածաշրջան:

«Վերջերս նրանք այցելեցին նաև Ղարաբաղ, հանդիպեցին նախագահին, առիթ ունեցանք կիսվել նրանց հետ մեր տեսակետներով, նաև լսել իրենց կարծիքները, իրենց մտքերը բանակցային գործընթացի ներկա իրավիճակի և ապագայի վերաբերյալ: Իհարկե, այն իրավիճակը, որ այսօր տիրում է չի կարող մեզ բավարարել: Կարծում եմ, մեծ գաղտնիք չէ, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են, որոնք դեստրուկտիվ և քայքայիչ քաղաքականություն են վարում, բայց մեր հույսերը,որոնք կապում ենք ԵԱՀԿ Մինսի խմբի հետ, չեն սպառվել: Այն ունի մեծ ներուժ, որն իրեն կդրսևորի», – ասել է Կարեն Միրզոյանը: