«Չգիտես ինչու մեզ թվում էր, թե ԲՀԿ առաջնորդը Բրյուսելում նույնպես պետք է կրկներ ու եվրոպացի պաշտոնյաներին հավաստիացներ նույն բանը, ինչը լսում ենք նրանից արդեն կես տարի՝ «Ես պատրաստ եմ ամեն ինչ կորցնել, բայց սրբորեն պահել-պահպանել ձեր հավատն ու վստահությունը»»,- գրում է «Հայոց աշխարհ» թերթը և ավելացնում,- «այնինչ, պարզվում է՝ բացի դրանից ԲՀԿ առաջնորդը այլ մտքեր էլ կարող է արտահայտել, այն էլ՝ հրապարակավ։
Բրյուսելում Ծառուկյանի ունեցած հանդիպումների մասին «Բարգավաճ Հայաստանի» տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հետևյալ հատվածը. «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»։
Մինչև հիմա եվրոպաներում նման բովանդակությամբ հայտարարություններ անում էր բացառապես Զարուհի Փոստանջյանը։ Իսկ ահա Ծառուկյանը հանկարծ որոշեց տիկնոջ «դափնիները» խլել նրա ձեռքից և «զարմացնել» եվրոպացիներին»,- գրում է «Հայոց աշխարհը»։





