Առաջին անգամ էի առանց հեռադիտակի ու այսքան մոտ ադրբեջանցի տեսնում, այնքան մոտ, որ եթե մի քայլ անեի ու ձեռքս երկարացնեի` կապտակեի գոհ ժպտացող մռութին: Ադրբեջանցի գերու հանձնումից մի շաբաթ է անցել, բայց տպավորությունները չեն անցնում:
Ժնևի կոնվենցիայով ու գերու խնդրանքով մեզ արգելվել էր հրապարակել այն կադրերը, որոնցում նրա դեմքը երևում է, բայց վստահեցնում եմ, եթե դուք Kill Dim–ը տեսել եք, ուրեմն Թելման Ալիևին էլ եք տեսել: Համակարգչային բոլոր ծրագրերը 99 տոկոս համընկնում ցույց կտային. քիթը, աչքերը, բեղերը, քայլվածքը, ժպիտը: Միակ տարբերությունը լողացած ու կոկիկ տեսքն էր, նոր հագուստը, իրենը` տոպրակի մեջ /գնալիս էլ քիչ էր մնում մոռանար/: Այսքանը հասցրեցինք տեսնել նրան ռազմական ոստիակության մեքենայից Կարմիր Խաչի մեքենան տեղափոխելու ընթացքում:
Մինչ այդ խուլ ու համր հովիվը Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ նրանց մեքենայում մեկ էլ սկսեց խոսել, բայց մինչև չգնաց ու սահմանի գլխին ադրբեջանցիներին չասաց` սալամ, մերոնք չհաստատեցին, որ իրականում ստել են` գերի հովիվն ու Ադրբեջանի ՆԳՆ-ը: Չհաստատեցին, որովհետև գերուն կվտանգեին. իրենց հիմնավորումն է:
Գնաց գերին: Իր ոտքով, ոչ թե դագաղում: Գնաց ու ադրբեջանական լրատվամիջոցների համար հայտարարություն «տարածեց», որ Հայաստանում գերության ժամանակ իրեն չեն վնասել, ուղղակի մրսել է: Պարզվեց ազնիվ Ալիև էլ է լինում: Բայց որ այն մեկը սա այսպես չի թողնի հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում՝ գերի ընկած և հայրեինք վերադարձած ադրբեջանցիների ճակատագրի մասին իրենց հրապարակումներում: Որոշեցի պարզել:
Զանգեցի: Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովում առաջին հեռախոսազանգին պատասխանեցին զարմացած ու ագրեսիվ` «Ընդհանրապես ինչու մենք պիտի պատասխանենք հայկական լրատվամիջոցի հարցերին», – ասաց ադրբեջանցի պաշտոնյան: Բացատրեցի, որ պարտավոր չեն, բայց կարող են, ուղղակի տեղեկատվություն ենք փորձում գտնել, ճշտել, հնարավորություն ենք տալիս հարցին իրենց տեսանկյունն էլ ներկայացնել… հեռախոսը անջատեցին: Երկրորդ զանգին պատասխանեցին արդեն հարցով` որ լրատվամիջոցից եք, ով եք: Նորից ներկայացա ու՝ «ինչ հարց ունեք, հարցրեք», – ասացին այն կողմից: Հարցը կրկնեցի /Թելման Ալիևի և այն մասին, որ հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են գրում՝ նրա նմանները քրեական հետապնդումների են ենթարկվում, ինչ կլինի նրա հետ/: Զանգն «անջատվեց»: Երրորդ անգամ էլ զանգեցի: «Հիմարություն է»,- ասացին ու անջատեցին: Մյուս զանգերին էլ չպատասխանեցին:
Շաբաթը վերջացավ ու նորից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունն ենք հրապարակելու: Մեր զինվորը հանդուրժում է, սահմանի գյուղի դպրոցում աշակերտն ու մանկապարտեզում փոքրիկը հանդուրժում են, սա էլ ես՝ լրագրողը: Հաշվեք քանի անգամ հանդուրժեցի մի էջում: Ավելի հանդուրժող ես չեմ կարող լինել: Երկու կողմերին կոչ անելն արդեն վաղուց ոչ թե իրավիճակը խաղաղեցնել է, խնդիրը կարգավորել կամ երկակի քաղաքականություն, այլ ցինիզմ է, որը պիտի վերջ ունենա:





