AM
7 Դեկտեմբեր 2012 - 15:12 AMT

Ընտանեկան նպաստների համար նախատեսված բյուջետային միջոցները 2013թ-ին կնվազեցեն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն այսօր իր մտահոգությունն է հայտնել 2013թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներին տրամադրվող ոչ բավարար բյուջետային հատկացումների վերաբերյալ, որոնք կարող են սահմանափակել երեխաների համար կարևորագույն սոցիալական ծառայությունների հասանելիությունը և ավելի խորացնել մանկական աղքատությունը երկրում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

Չնայած սոցիալական պաշտպանության, առողջապահության և կրթության ոլորտներում նկատվում է շարունակական աճ նոմինալ բյուջետային հատկացումներում, սակայն, Համախառն Ներքին Արդյունքի /ՀՆԱ/ նկատմամբ այս ոլորտների համար բյուջետային հատկացումների տոկոսը նվազել են կամ մնացել նույնը:

Մասնավորապես, 2012թ.-ի հետ համեմատ 2013թ. պետական բյուջեի մասին օրենքը նախատեսում է 7.8% աճ առողջապահության ոլորտին տրամադրվող նոմինալ հատկացումներում: Այսուամենայնիվ, որպես ՀՆԱ-ի տոկոս՝ պլանավորված ծախսերը կմնան 2%-ից ցածր մակարդակում: Առաջնային բուժխնամքի, մանկական հիվանդանոցային ծառայությունների, ծննդօգնության և սոցիալապես խոցելի բնակչության հիվանդանոցային խնամքի ոլորտում հատկացումների ավելացում չի նախատեսվում: Ավելին, համաձայն 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ առողջապահության ոլորտում բյուջետային հատկացումները կշարունակեն նվազել 2013թ. 1.5 %-ից մինչև 1.3 % 2015թ.:

2013թ. բյուջեն նաև նախատեսում է ընտանեկան նպաստների համար նախատեսված բյուջետային միջոցների նվազեցում՝ համեմատ 2012թ-ի: Հաշվի առնելով ծայրահեղ աղքատության աճը՝ սա նշանակալից մտահոգություն է ստեղծում, քանի որ ընտանեկան նպաստները շարունակում են կարևորագույն դեր խաղալ ծայրահեղ աղքատ ընտանիքների կյանքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է ՀՀ Կառավարության շարունակական ջանքերը ընտանեկան նպաստների հասանելիության բարելավման գործում, այսուհանդերձ, զգալի մտահոգություն կա ընտանեկան նպաստների իրավունք ունեցող, սակայն ընտանեկան նպաստների համակարգից դուրս մնացած ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների հարցում: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2011թ. աղքատ ընտանիքների միայն 21%-ը և ծայրահեղ աղքատ ընտանիքների 54%-ն է ստացել ընտանեկան նպաստներ՝ համեմատ 2010թ. 26% և 67%-ի:

Նմանապես, չնայած 2013թ. կրթության ոլորտում բյուջետային հատկացումները 2.5%-ով աճել են նոմինալ առումով, 2012թ.-ի համեմատ, որպես ՀՆԱ-ի տոկոս, այս ոլորտի հատկացումները նվազել են 2.5 %-ից մինչև 2.3%, և ըստ 2013-2015թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ 2014թ կնվազեն մինչև 2.2%.:

Նոր հաստատված բյուջեն նաև պատշաճ ձևով չի աջակցում Հայաստանում հաստատությունների բեռնաթափման քաղաքականության իրականացմանը՝ ավելացնելով մանկատներին տրամադրվող բյուջետային հատկացումները 140 միլիոն դրամով՝ միևնույն ժամանակ ոչ բավարար միջոցներ տրամադրելով այլընտրանքային ընտանիքի վրա հիմնված խնամքի ծառայությունների ընդլայնմանը, ինչպես օրինակ խնամատարությանը: Չնայած խոցելի ընտանիքներին ծառայություններ մատուցող և երեխաների տեղավորումը հաստատություններում կանխող ցերեկային խնամքի կենտրոններին տրամադրված ֆինանսական հատկացումները աճել են, դրանք մեծապես կապված են Զատիկ մանկատան վերակազմակերպման հետ և չեն նախատեսում նոր ցերեկային կենտրոնների կամ համայնքահեն ծառայությունների ստեղծումը:

Երեխաների բարեկեցության պահպանումը այն հարցն է, որը չի կարող սպասել, մինչև հանգամանքները դա թույլ կտան: Այդ իսկ պատճառով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում ՀՀ Կառավարությանը ռեսուրսներ և ուղիներ փնտրել երեխաների կյանքի և բարեկեցության կարևորագույն ոլորտներում բյուջետային հատկացումները ավելացնելու համար: