Այս տարի հանրապետությունում արձանագրվել է բուտուլիզմից թունավորման 16 դեպք` 30 տուժածով: 4 մարդ այս սննդային թունավորումից մահացել է: Նախորդ տարիների համեմատ բոլոր թվերը նվազել են: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
Նրա խոսքով միայն դեկտեմբերին 5 դեպք է գրանցվել` Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում:
«Բոլոր դեպքերը տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելու հետևանքով են: Կարմիր պղպեղ, շուշան, լեչո, մարինադներ. հիմնականում այս պահածոներն են օգտագործած լինում: Հարուցիչ պարունակող պահածոն համը, հոտը տեսքը չի փոխում: Թունավորման գաղտնի շրջանը 2 ժամից 12 օր է տևում: Նախանշանների հայտնվելուն պես պետք է բժշկի դիմել ու զգուշացնել, որ պահածո եք կերել: Իսկ ճիշտն այն կլինի, եթե չօգտագործեք կամ օգտագործելուց առաջ 20-25 րոպե եռացնեք: Միայն այդ դեպքում անվտանգ կլինի: Երեխաներն ու հղի կանայք, ամեն դեպքում, թող խուսափեն», – ասաց Մարգարիտա Բաբայանը:
Նրա խոսքով պահածոներ պատրաստելու փոխարեն կարելի է մթերքը սառեցնել, չորացնել, աղ, թթու դնել: Միայն մուրաբաներն ու կոմպոտներն են անվտանգ:
Տնային պայմաններում պատրաստված պահածոներից բացի թունավորման դեպքեր են գրանցվել նաև սնկից, աղցաններից, խաշլամայից, էկլերից, բեզեից:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` Մարգարիտա Բաբայանը հիշեց, որ ինքը տնային պայմաններում պահածոներ չի պատրաստում 1998 թվականից, որովհետև նշանակվեց պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ:





