ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի պետական անկախության և Սահմանադրության տոնի կապակցությամբ:
«21 տարի առաջ դեկտեմբերի 10-ին արցախահայությունը, լինելով Հայկական բարձրավանդակի վերատիրացման առաջամարտիկը, համաժողովրդական հանրաքվեով որոշում կայացրեց հռչակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախ պետության մասին:
Այդ օրը ամրագրվեց իրողություն. մեզ համար գոյություն չունի այլ համոզմունք, բացի Հայկական բարձրավանդակի՝ հայոց հայրենիքի ամբողջական վերատիրացումից և սեփական կենսաձևով ինքնիշխան ապրելուց:
Հայկական բարձրավանդակի վերատիրացման գաղափարը 21 տարի առաջ գրեթե բոլորիս համար ընկալելի էր, և մեր մեջ ապրող պայքարն ու արդարության վերականգնման պահանջը այն դարձրեց մասնակի իրականություն: Պարտադրված պատերազմում մենք ոչ միայն հաղթեցինք, այլև ազատագրեցինք մեր բռնազավթված հայրենիքի մի մասը:
Այսօր՝ 21 տարի անց, մեր բնօրրանում կան երկու հայկական պետականություններ, որոնց տարածքը միասին կազմում է շուրջ 42 հազար կիլոմետր: Զինադադարի կնքումից հետո, ցավոք սրտի, մեր երկրի զարգացման ճշմարիտ ուղին չդարձավ իրական գործընթաց: Շուրջ երկու տասնամյակ մենք չանցանք ծրագրված և հետևողական ճանապարհ, որի հանգուցակետը այսօր կլիներ 42 հազար կիլոմետր հայկական բնօրրանի՝ շուրջ յոթ միլիոն հայկական բնակչությամբ ժողովուրդը: Այժմ ՝ գտնել ժամանակի հրամայականով պայմանավորված-թելադրված մեր երկրի զարգացման ճշմարիտ ուղին:
Այսօր՝ մեր հավաքական համուզմունքի և կամարտահայտման օրը, սթափության կոչը ինքներս մեզ հղելով՝ պետք է ընդունենք նաև այս համոզմունքը. այլևս աններելի է մեզ այնպիսի քաղաքական համակարգ, քաղաքական և տնտեսական իրողություն ու քաղաքական գործիչներ, որոնց առկայության պայմաններում Հայաստան աշխարհի կարևորությունը թերագնահատելի է աշխարհի և հայության համար: Տոնելով դեկտեմբերի 10-ը՝ հայ ժողովուրդը հաստատակամություն է հայտնում, որ իրականում նրա նպատակն է տոնել Մեծ Միացյալ Հայաստանի վերստեղծման օրը»,- գրել է Զարուհի Փոստանջյանը:
Ավելացնենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեն, իսկ 15 տարի հետո` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:





