Նոյեմբերի 23-ին անցկացված մրցույթից հետո «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց: Այդ օրվանից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման նոր հայտարարություն Բնապահպանության նախարարության կողմից չի արվել: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են «Թռչկան» և «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնություններն ու տեղեկացնում, որ այսօր դիմում են հղել Բնապահպանության նախարարին, որում մասնավորապես նշված է.«Կարևորելով Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության և կառավարման հետ կապված հարցերը և անընդունելի համարելով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումը ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքում թողնելը` խնդրում ենք այս շաբաթվա մեջ հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը: Միևնույն ժամանակ, սույն մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար առաջարկում ենք հայտարարության տեքստում հստակեցնել.
1.նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները, մասնավորապես՝ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը և որակավորումները («համապատասխան կրթություն» բառակապակցությունը տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս),
2.ներկայացվելիք հայեցակարգերի պահանջները, մասնավորապես`բովանդակային պահանջները, ակնկալվող ծավալը,
3.հանրայնացնել բոլոր թեկնածուների ինքնակենսագրությունները, մասնագիտական և աշխատանքային փորձի տվյալները,
4.հանրայնացնել նրանց կողմից ներկայացված`պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգերը (ըստ հավակնորդների տեսակետի),
5.ապահովել մրցույթի, այդ թվում` հարցազրույցների հրապարակայնությունը»:





