AM
11 Դեկտեմբեր 2012 - 11:18 AMT

Հովիկ Աբրահամյան. Խորհրդարանները ՀԿ-ների հետ ավելի սերտ համագործակցության կարիք ունեն

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցել է «Ժամանակակից պառլամենտարիզմը և ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական և քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով: Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարևորել է խորհրդարանների դերը: Նրա խոսքով` անհրաժեշտ է գտնել հասարակության և իշխանության միջև փոխգործակցության ավելի արդյունավետ միջոցներ, քանի որ ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է հանդիսանա ժողովրդավարության արտահայտման միակ միջոցը, ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում որոշումների ընդունման գործընթացում պետք է անմիջապես ներգրավվեն ժողովրդավարական տարրեր: Նրա կարծիքով` ազգային խորհրդարանները հասարակական կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցության կարիք ունեն` հասարակության հետ կապերը ամրապնդելու առումով: «Բազմակուսակցական և արդյունավետ խորհրդարանի առկայությունը ոչ միայն ժամանակակից քաղաքական կյանքի արտացոլումն է` այլ նաև հասարակության սոցիալական պահանջարկի պատասխանը»:

Շարունակելով խոսքը` ԱԺ նախագահը նշել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի ԱԺ-ում ժողովրդավարության մշակույթի զարգացմանը: Այսօր Հայաստանի Ազգային ժողովը իրենից ներկայացնում է օրենսդիր իշխանության ներկայացուցչական բազմակուսակցական մարմին: Խորհրդարանում արտացոլված է ոչ միայն քաղաքական դաշտի կառուցվածքը, այլև հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերը»: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի խորհրդարանը լինելով քաղաքական քննարկումների բաց ամբիոն` դառնում է հասարակական համաձայնության ձևավորման հարթակ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է կայունության և մեր ժողովրդի հետագա բարեկեցության գրավականը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, համաժողովի ընթացքում եկույթ են ունեցել Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սերբիայի խորհրդարանի նախագահ Ն. Ստեֆանովիչը, Պետական դումայի խմբակցությունների ղեկավարները և ուրիշներ: