AM
11 Դեկտեմբեր 2012 - 14:24 AMT

Ավարտվում է ներքին աուդիտի համակարգի ներդրման փուլը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը այսօր հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, և կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն: Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր ընդունած օրենքների նկատմամբ մշտադիրտարկում չի իրականացնում, հետադարձ կապ չի ապահովում: Մինչդեռ հնարավոր է, որ օրենքը կիրառելիս բացահայտվեն նոր իրողություններին ոչ համահունչ դրույթներ, օրենքի հիմքում լինեն ոչ ճշգրիտ կանխատեսումներ, որոնք էլ առաջարկների ու փոփոխությունների միջոցով շտկելու անհրաժեշտություն լինի: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը մտադիր է այս փորձը կիրառել նաև այլ օրենքների վրա՝ բարձրացնելով օրենքի գործողության արդյունավետությունը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատգամավորներին, տարբեր գերատեսչությունների ու հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրեց ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքին: Օրենքը, նրա գնահատամամբ, լավ է մշակված, համապատասխանում է միջազգային չափանիշներին և ընդգրկում է հանրային ամբողջ ոլորտը: Ըստ նախարարի՝ մեկ տարվա ընթացքում հասցրել են ավարտին մոտեցնել այս համակարգի ներդրման փուլը, դեռ նախորդ տարի հաստատվել են ներքին աուդիտորի մասնագիտական գործունեության ստանդարտները, վարքագծի կանոնագիրքը և համակարգի ներդրման ժամանակացույցը: Համապատասխան ստորաբաժանումներն արդեն ստեղծված են պետական և պետական 50 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող ընկերություններում, ընդունված են ենթաօրենսդրական անհրաժեշտ ակտերը: Նախարարը նշեց, որ սա վերահսկողական մարմին չէ, չունի պատժելու լիազորություն, փոխարենն առկա ռիսկերն է գնահատելու, կանխարգելելու և վերացնելու: Նաև ունի սխալները վերհանելուց հետո խորհրդատվություն իրականացնելու նպատակ: Այս ամենն իրականացնելու համար հիմնական զեկուցողը կարևոր համարեց անհրաժեշտ կադրերի առկայությունը, և նրանց վերապատրաստումը համարեց կառավարության 2013 թ. գերակա ուղղություն: Նախարարը ներքին աուդիտի համարկարգի ներդրման ընթացքը բավարար գնահատեց, միաժամանակ նշեց, որ այն դեռ կայացած չէ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: