AM
11 Դեկտեմբեր 2012 - 15:28 AMT

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Տուրկին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանը կանի ամեն հնարավորը հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում իր զգալի ներդրումն ունենալու համար:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը և պատրաստ է փոխշահավետ հիմունքներով առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Հայ-էստոնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: