ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, որ քաղաքական կոնսուլտացիաները շարունակվելու են՝ նկատի ունենալով նաև այն որոշումը, որ ԲՀԿ-ն երեկ կայացրել է. «Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած քաղաքական ուժի դիրքորոշման և մոտեցման, բայց մենք ունենք մեր մոտեցումները, մեր պատկերացումները, մեր տակտիկան»: Այս իրավիճակում հնարավո՞ր է միասնական թեկնածու ունենալ՝ հարցին նա պատասխանել է. «Մենք միասնական թեկնածուի խնդիր այս պահին չենք դրել: Մենք դնում ենք միասնական օրակարգով նախագահական ընտրությունների գնալու խնդիր: Երբ կլուծենք առաջին խնդիրը, այդ ժամանակ նոր անդրադարձ կկատարենք միասնական թեկնածուի հարցին»:
Համբարձումյանն ասել է, որ հնարավոր է՝ քաղաքական կոնսուլտացիաները շարունակել նաև նախագահի թեկնածուների առաջադրումից հետո. «Չենք բացառում, որ տարբեր քաղաքական ուժեր առաջադրումներ կկատարեն, բայց մինչև քվեարկության օրը հնարավոր կլինի նաև միասնական օրակարգ ձևավորել և միասնական թեկնածուի խնդիր լուծել»: ԲՀԿ-ի հետ է՞լ եք շարունակելու կոնսուլտացիաները, թե՞ իրենց մասով ամեն ինչ պարզ է՝ հարցին նա պատասխանել է. «Այդ հարցում հատուկ մոտեցում դեռ չունենք, բայց նկատի ունենալով հայտարարության բովանդակությունը, որ իրենք չեն մասնակցում և չեն պատրաստվում աջակցել այս կամ այն թեկնածուին, ենթադրում ենք, որ ԲՀԿ-ի հետ նախագահական ընտրությունների հետ կապված հազիվ թե կարողանանք քննարկելու թեմաներ ունենալ»:





