Ազգային ժողովը քաղաքական ուժերի համագործակցության հարթակ է դարձել: Այսօր ասուլիսում, ամփոփելով ԱԺ երկրորդ նստաշրջանը, նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: «Նստաշրջաններն անցնում են շատ բուռն քննարկումներով, ընդունվում են կարևոր օրենքներ»,- ասաց նա` նշելով, որ դա ներկայիս խորհրդարանի ամենակարևոր ձեռքբերումն է:
Պատասխանելով լրագրողի հարցին Ավանի ընտրությունների մասին` պատգամավորը նշեց, որ Ավանում փող չի բաժանվել. ՀՀԿ-ն դրանով չի զբաղվում: «Իսկ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը իջեցրել է հենց իր կուսակցությունը` ընդգրկելով նրան համամասնական ցուցակի ոչ առաջին հորիզոնականներում: Ավանի բնակչության վերաբերմունքը համահունչ է կուսակցության վերաբերմունքին»,- ասաց Գագիկ Մինասյանը:





