AM
13 Դեկտեմբեր 2012 - 11:00 AMT

Ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկը՝ Դարոն Աջեմօղլուն, պատրաստվում է գալ Հայաստան

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան: Կառավարության ղեկավարը շրջել է համալսարանում և ծանոթացել տեխնոլոգիական այն նորարարություններին, որոնք իրականացվում են ուսումնական հաստատությունում:

Համալսարանում Տիգրան Սարգսյանը հանդիպել է աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Դարոն Աջեմօղլուի հետ: Քննարկվել են համաշխարհային տնտեսության ժամանակակից մարտահրավերները, մասնավորապես Հայաստանի տնտեսության անցյալին, ներկային և ապագային վերաբերող հարցեր:

Աջեմօղլուն նշել է, որ հանդիպման արդյունքում իր համար նոր բացահայտումներ է արել Հայաստանի մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում է այցելել հայրենիք:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական hամալսարանում հանդիպել է նահանգի համալսարաններում կրթություն ստացող հայազգի ուսանողներին, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Կայացել է նաև ՀՀ վարչապետի և Բոստոնի հայ համայնքի հանդիպումը: Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար Փիթեր Կոտունջյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Նուբար Աֆեյանը հայրենանվեր գործունեության համար խրախուսվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: