Նախագահական ընտրությունների նախաշեմին «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները զուգահեռ սկսել էին քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական ուժերի հետ: Նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմումից հետո քաղաքական և վերլուծական շրջանակները սկսեցին քննարկել, թե արդյոք ԲՀԿ-ն կշարունակի այդ կոնսուլտացիաները:
«Եթե ԲՀԿ-ն ցանկանա քաղաքական գործընթացների մեջ իր դերակատարությունը շարունակել, ապա պետք է շարունակվեն նաև քաղաքական խորհրդակցությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանը:
Ըստ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի՝ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ներկայացնում են ժովորդի որոշակի հատվածներ, ԲՀԿ-ն միշտ տեսականորեն և գործնականում կարող է ունենալ ինչ-որ համագործակցություն, եթե այդ ուժերի հետ չկան բարոյական հակասություններ, և համագործակցությունը բխում է պետության, ժողովրդի շահից: «ԲՀԿ նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների հիմքում եղել են օրակարգային քննարկումներ համակարգային փոփոխությունների, ընտրակարգը և կառավարման կարգը: Այդ խորհրդակցությունների ժամանակ անհատի հարց չի քննարկվել, ինչպես նաև օրակարգում չի եղել որևէ խնդիր նախագահական ընտրությունների հետ կապված: Եվ քաղաքական խորհրդակցությունների հարցում, և նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշման մեջ որևէ արտառոց բան չկա»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Տիգրան Ուրիխանյանը:





