AM
13 Դեկտեմբեր 2012 - 15:17 AMT

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում

Դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցում անցկացվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ: Պատարագներ անցկացվեցին նաեւ տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիներում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Պատարագից հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանյան թեմի, հայ համայնքի, հայ երիտասարդական կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անհատների կողմից:

Երեկոյան Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական կապելայի դահլիճում կայացավ համերգ` նվիրված Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցին:

Ելույթի խոսքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը եւ Սուրբ Կատարինե Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Ս. Չոփուրյանը:

Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը Միհրան Աղաջանյանի ղեկավարությամբ կատարեց հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: