ՀԱԿ-ի երեկվա քաղխորհրդի արտահերթ նիստում քննարկվել է ԲՀԿ-ի ընդունած որոշումը: ՀԱԿ-ը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտարարի այսօր: Այս մասին «Առավոտ»-ին ասել է ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: «Նա ասաց, որ քաղխորհրդում ներքին պայմանավորվածության համաձայն՝ ինքը ՀԱԿ-ի նիստից մանրամասներ չի կարող տրամադրել. «Բացի մեր ու բացակա կուսակցություններից՝ բոլոր մյուս կուսակցությունները համաձայնեցին մի որոշման հետ: Դա ՀԱԿ-ի գնահատականն էր ԲՀԿ-ի որոշմանը»: Գիմիշյանից «Առավոտ»-ը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է առաջիկայում իր կուսակցությունն էլ լքի ՀԱԿ-ի շարքերը. «Չի բացառվում, որովհետև ոչինչ հավերժ չէ, առավել ևս ՀԱԿ-ի ներսում առանձնապես լավ մթնոլորտ չէ: Իսկական ՀԱԿ-ը ես եմ, ՀԱԿ-ը իմ կառույցն է»: Նա հավելեց, որ սպասում են նախագահական ընտրությունների արդյունքներին. «Որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Ընտրությունների արդյունքները գնահատական կլինեն՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ: Դրանից հետո կլինեն փոփոխություններ, եթե մենք սխալ լինենք, կընդունենք մեր սխալը: Աստված տա՝ սխալվենք, ՀԱԿ-ը հասնի իշխանության»: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու-չառաջադրվելու հարցը ոչ երեկվա, ոչ այսօրվա քաղխորհրդի նիստում, ըստ Գիմիշյանի, չի քննարկվել: Նրա խոսքով՝ իրենք սպասում են Տեր-Պետրոսյանի անձնական որոշմանը»,- գրում է թերթը:





