AM
14 Դեկտեմբեր 2012 - 08:14 AMT

Դոհայում որոշվել է` Հայաստանը պետք է որդեգրի «Կանաչ էկոնոմիկայի» սկզբունքը

Դոհայում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 8-ը կայացել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 18-րդ և դրան կից Կիոտոյի արձանագրության կողմերի 8-րդ համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանը:

Համաժողովը նվիրված էր ջերմոցային գազերի արտանետման ծավալի նվազեցմանը, քննարկվել են զանազան նախագծեր:

Լրագրողների հետ հանդիպմանը կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը նշեց, որ 1990թ. Հայաստանում ջերմոցային գազերի արտանետման ծավալը կազմում էր 24մլն տոննա, իսկ 2012-ին` 6մլն:

Դոհայում որոշվել է, որ Հայաստանը պետք է որդեգրի «Կանաչ էկոնոմիկայի» սկզբունքը էկոհամակարգային մոտեցմամբ, այսինքն` կիրառի այնպիսի տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր կլինի լուծել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև էկոլոգիական հարցերը:

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն իր հերթին նշեց, որ համաժողովի հաշվետվությունը կներկայացվի կլիմայի փոփոխության կոնվենցիայի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգային խորհրդի առաջիկա նիստին: «Հայաստանը պատրաստ է սահմանափակել իր արտանետումները ներկայիս արտանետումների նկատմամբ»,- նշեց նա:

Կառավարության 2011թ. որոշմամբ նախատեսվում է մինչև 2015թ. հաստատել հարմարվողականության ազգային պլանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վրա ազդեցության նվազման ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: