ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կողմերը քննարկել են ինչպես ապակենտրոնացված մակարդակով, այնպես էլ նախարարությունների միջև փոխգործակցության հարցեր: Արձանագրվել է, որ վերջին տարիներին գործնական քայլեր են իրականացվում հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ եղավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացմանը: Զրուցակիցները դրական գնահատեցին 2011 և 2012 թվականներին կազմակերպված առաջին և երկրորդ համաժողովների արդյունքները: Արձանագրվել է, որ համաժողովները նոր թափ են հաղորդում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը և դրանց պարբերական անցկացումն առավել համակարգված և արդյունավետ կդարձնի ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը:
Քննարկվել են նաև երրորդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Կարևորվել է համաժողովի շրջանակում գործընկեր տարածաշրջանների միջև գործնական շփումների, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբը կքննարկի և կհստակեցնի համաժողովի օրակարգին և ձեւաչափին վերաբերող հարցերը:
Զրուցակիցները խոսել են նաև երկու երկրներում տարածքային զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին: Կարևորվել է նախարարությունների միջև փորձի փոխանակման, փոխայցելությունների անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել ԱՊՀ միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, քննարկվել են խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման հարցեր:
Փոխվարչապետը ներկայացրել է ԱՊՀ միջռեգիոնալ և մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա:





