Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական ու քաղաքական երկկողմ հարցեր: Թեեւ առեւտրային ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ այնքան էլ մեծ չէ, այդուամենայնիվ, կարեւոր է անընդհատ աճի միտումը: Կողմերը գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Վեն Ձյաբաոն կարեւորեց Հայաստանի հետ քաղաքական փոխըմբռնման առկայությունը եւ նշեց, որ երկու երկրները շատ նման մոտեցումներ ունեն գլոբալ զարգացումներին եւ փոփոխություններին: Չինաստանը վերահաստատեց հարավ-կովկասյան տարածաշրջանում մշտապես ներգրավված լինելու ձգտումը եւ երկուստեք հետաքրքրություն առաջացնող հարցերում Հայաստանի հետ աշխատելու ցանկությունը: Վաղը նախատեսվում է նախարար Օսկանյանի հանդիպումը Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային վարչության պետ Վան Ձիառուի հետ, որից հետո Վ.Օսկանյանը կմեկնի Լոնդոն` Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատում կայանալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը մասնակցելու նպատակով:





