ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է: Քննարկման է դրված Էթիկայի հանձնաժողովում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի հեղինակներն են Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյան: Հիմնական զեկուցողն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը, ըստ հեղինակների, պայմանավորված է էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով: Կատարվող փոփոխությունները նաև ուղղված են ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության իրավունքների հավասար պաշտպանությանը:
Նախագծով առաջարկվում է` Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 14-րդ հոդվածի 1.1-րդ մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Խմբակցությունը համարվում է իշխանական, եթե խմբակցություն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձը ընդգրկված է Կառավարության կազմում կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու և ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ: Ընդդիմադիր, ինչպես նաև սույն պարբերությունում նշված հատկանիշներին չհամապատասխանող մյուս խմբակցությունները համարվում են ոչ իշխանական խմբակցություններ»:
Հոդված 2. Օրենքի 24.1-ին հոդվածի` 1) 2-րդ մասի առաջին պարբերությունում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով, 2) 2-րդ մասի «ա» կետում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով, 3) 2-րդ մասի «բ» կետում «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով, իսկ «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել « իշխանական» բառերով, 4) 2-րդ մասի «դ» կետում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով, 5) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում և երրորդ պարբերության «ա» և «բ» կետերում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով:
Հոդված 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի` 1) «է» կետը «եթե» բառից հետո լրացնել «հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը կամ» բառերով, 2) «զ» կետը «եթե» բառից հետո լրացնել «որոշմանը կողմ են քվեարկել ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ» բառերով:





