AM
17 Դեկտեմբեր 2012 - 10:11 AMT

Կրքերը թեժացան. Անձնական վրեժխնդրությունից ելնելո՞վ է Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ նախագիծը մտել ԱԺ օրակարգ

ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է: Կրքերը թեժացան Էթիկայի հանձնաժողովում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը: Հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթից հետո, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց` արդյո՞ք անձնական վրեժխնդրությունից ելնելով չէ, որ հարցը ԱԺ օրակարգ է մտել այսքան հրատապ. «Չլինելով էթիկայի հանձնաժողովի անդամ՝ Դուք ինչպե՞ս է, որ համահեղինակ եք այս նախագծին»:

Ի պատասխան` Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Մինասյանն էլ նկատեց, որ նույն պետաիրավական հանձնաժողովում նշյալ հարցը չի քննարկվել. «Անձնական վրեժխնդրության հողի վրա եք բերում այս նախագիծը»: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ միջամտեց և ասաց, որ նման հրատապությամբ կառավարությունը փորձում է փոփոխել ԱԺ երկարատև աշխատանքի արդյունքը, ինչին էլ արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Պարոն Ռուստամյան, ի՞նչ է նշանակում Ձեր հարցը:

Հանրապետական խմբակցությունը հարցը քննարկել է և դիմել է կառավարություն, Ձեր ի՞նչ խնդիրն է՝ ով կզեկուցի, ով չի զեկուցի: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ հարցը չի քննարկվել: Եվ հետո մի բան էլ` Դուք օրիորդի հետ եք խոսում, խնդրում եմ կոռեկտ լինել… Ես ձեզ մի լավ տեղ կհրավիրեմ, որ հանգստանաք»:

Պատգամավորներ Աղվան Վարդանյանի և Արմեն Ռուստամյանի հարցերն էլ վերաբերում էին այն բանին, որ խնդիրը ԱԺ-ի ներսում չի քննարկվել և կառավարությունը ի՞նչ գործ ուներ, որ առաջարկեց արտահերթ քննարկել այս հարցը: Ըստ ՀՅԴ պատգամավորների` Էթիկայի հանձնաժողովում ներկայացվածությունը պետք է լիներ հավասարաչափ, իշխանություն-ընդդիմություն տարանջատում է առաջանում, և ավելի է սրում քաղաքական դաշտը: Արփինե Հարությունյանն էլ պատասխանեց, որ իրենք դիմել են կառվարությանը, որպեսզի նախագիծը ընդգրկվի այս նստաշրջանի օրակարգում:

«Ես հեռու եմ այն մտքից, որ պատգամավորները հնարավորթյուն չունեն քննարկելու խնդիրը, այն հենց հիմա այստեղ քննարկվում է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ որոշումը կարող է կայացվել քաղաքական «հաշվեհարդարի» պայմաններում: Աղվան Վարդանյանի կարծիքով` քննարկման դրված նախագիծն ընդունելով Էթիկայի հանձնաժողովը կդառնա անողնաշար մարմին և ավելորդ օղակ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր հերթին նկատեց, որ հանձնաժողովը միակն է, որտեղ ընդդիմությունն ավելի շատ է ներկայացված և սա ժողովրդավար միակ մարմինն է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Էթիկայի հանձնաժողովը որոշում է ընդունել ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանի՝ 83 պատգամավորների վերաբերյալ դիմումն ընդունել վարույթ և քննարկել: Քանի որ նիստը անցել է դռնփակ, մանրամասների վերաբերյալ լրատվամիջոցներին շատ քիչ բան է հայտնի: Թե հանձնաժողովի իշխանական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների քվեարկությունն ինչ հարաբերակցություն է ունեցել, բացահայտելու իրավունք ոչ ոք չունի:

ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը պնդում էր, որ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոպտորեն խախտել է օրենքը և քաղաքական հաշվեհարդար է տեսել` Արմեն Ռուստամյանի դիմումի քննության ժամանակ նրան զրկելով ձայնի իրավունքից: