AM
18 Դեկտեմբեր 2012 - 10:57 AMT

Հայաստանում ոռոգման համակարգը հնարավոր է՝ բարելավվի Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ֆրանսիական զարգացման գործակալության Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի գլխավոր մասնագետ Վաչե Փափազյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Գյուղատնտեսության նախարարությունից:

Նախարարն անդրադարձել է Անկախությունից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաստատված իրավիճակին և այն խնդիրներին ու հիմնահարցերին, որոնց լուծման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությունը:

Ընդգծվել է հատկապես տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը:

Վաչե Փափազյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը համագործակցության առաջին քայլերն է կատարում Հայաստանի մի շարք գերատեսչությունների, մասնավորապես Ֆինանսների և Տարածքային կառավարման նախարարությունների հետ:

Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ հյուրի,գյուղատնտեսությունն է, և իրենք պատրաստ են ներկայացնել կազմակերպության զեկույցը` գործակցության հնարավորությունների երեք կարևոր սեկտորներով` ոռոգման համակարգի բարելավում, տարածքների կառավարում և զարգացում համայնքների միջոցով, շուկայի ապահովածության որակի և նորմերի ուսումնասիրություններ:

«Շնորհակալությամբ ենք ընդունում համագործակցության հրավերը և պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական բոլոր աշխատանքներին»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը` առաջարկելով հնարավորինս հանգամանորեն ներկայացնել գործակալության դիտարկումները, վերջիններիս կոնկրետ ծրագրային լուծումներ տալու համար: