Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Ֆրանսիական զարգացման գործակալության Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի գլխավոր մասնագետ Վաչե Փափազյանին:
Ողջունելով հյուրին, նախարարը համառոտակի անդրադարձավ Անկախությունից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հաստատված իրավիճակին և այն խնդիրներին ու հիմնահարցերին, որոնց լուծման գործում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է նաև Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությունը: Ընդգծվեց հատկապես տնտեսությունների խոշորացման և գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Վաչե Փափազյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը համագործակցության առաջին քայլերն է կատարում Հայաստանի մի շարք գերատեսչությունների, մասնավորապես Ֆինանսների և Տարածքային կառավարման նախարարությունների հետ: Համագործակցության հաջորդ ոլորտը, ըստ հյուրի,գյուղատնտեսությունն է, և իրենք պատրաստ են ներկայացնել կազմակերպության զեկույցը` գործակցության հնարավորությունների երեք կարևոր սեկտորներով` ոռոգման համակարգի բարելավում, տարածքների կառավարում և զարգացում համայնքների միջոցով, շուկայի ապահովածության որակի և նորմերի ուսումնասիրություններ:
«Շնորհակալությամբ ենք ընդունում համագործակցության հրավերը և պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական բոլոր աշխատանքներին»,- նշեց նախարար Սերգո Կարապետյանն` առաջարկելով հնարավորինս հանգամանորեն ներկայացնել գործակալության դիտարկումները, վերջիններիս կոնկրետ ծրագրային լուծումներ տալու համար:





