Գլխավոր դատախազից մերժված և վերջերս ԲՀԿ շարքերը համալրած Լյովա Խաչատրյանի համար երբեմնի «քաղհալածյալի» կարգավիճակը դաս է եղել, և այժմ նա խուսափում է պատասխանել լրագրողների հարցերին: «Հրապարակի» հետ զրույցի ընթացքում Խաչատրյանն այնքան է խճճվել, որ մի շարք աբսուրդային հայտարարություններ է արել: Օրինակ, հորդորել է իրեն հարցեր չտալ, քանի որ ԲՀԿ-ն այլևս «գոնե 2 ամիս քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որովհետև քաղաքական հետաքրքրություններ չունենք»: Եթե քաղաքական գործընթացներին չեք մասնակցելու, ինչո՞ւ եք եկել ԱԺ արտահերթ նիստին, ԱԺ-ն ապաքաղաքական մարմի՞ն է: «ԱԺ-ն կառավարության կցորդն է»,- հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու հանգամանքը, փաստորեն, անթույլատրելի՞ է ԲՀԿ-ի պարագայում, Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն այսպիսով կկնքի իր մահկանացուն: «ԲՀԿ-ն կա և հավերժ է»,- հայտարարել է նա, և գրեթե վազելով ԱԺ միջանցքներով` մտել ԲՀԿ-ի կորպուս` ուղիղ իր կուսակից Արա Արամյանի աշխատասենյակը և փրկվածի պես աղաղակել. «Ահա պարոն Արամյանը, Ձեր բոլոր հարցերն ուղղեք իրեն»:





