AM
19 Դեկտեմբեր 2012 - 10:10 AMT

ՀՀԿ-ական պատգամավոր. Օսկանյանի և Զուրաբյանի զրույցի ձայնագրությունը տարածողի նպատակն էր վարկաբեկել իշխանությանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի զրույցի գաղտնալսումը և հրապարակումը ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը խիստ դատապարտելի արարք է համարում:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն էլ այս դեպքը համարում է պետական դավաճանություն և գտնում է, որ այդ մարդիկ պետք է հայտնաբերվեն: Այս մասին ԱԺ պատգամավորներն ասացին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: «Վստահ եմ, որ իշխանությունները ձեռնամուխ կլինեն այդ հանցագործության բացահայտմանը: Բացառում եմ, որ սա ԱԱԾ-ի ձեռքի գործն: Այդ ծառայությունն իրավունք ունի գաղտնալսում անել միայն դատարանի թույլտվությամբ, ԱԱԾ-ն օրինապահ կառույց է և օրենքը չի խախտի»,- ասաց Մանվել Բադեյանը: Ըստ նրա, այս գործի կազմակերպիչը նպատակ է ունեցել, նախևառաջ, վարկաբեկել իշխանությանը, որովհետև սպասելի էր, որ կասկածը կընկնի իշխանության վրա:

Լյովա Խաչատրյանն էլ նկատեց, որ պատերազմական վտագի մեջ գտնվող մեր երկրի դեպքում նման քայլերը մեծ շռայլություն են: «Ես հույս ունեմ, որ միմյանց կոմպրոմատի ենթարկելու շարունակությունը չի լինի: Սա քաղաքական պայքարի ձև չէ»,- ասաց նա: Մանվել Բադեյանն էլ կարծում է, որ իշխանության անելիքը պետք է լինի այդ հանցագործին բացահայտելը: « Տհաճ է, երբ քո մեջքի ետևից լսում են քո անձնական զրույցը: Դա զզվելի բան է: Մի բաժակ ջրի մեջ փոթորիկ են ցանկանում ստեղծել և դա բարոյական նորմերի խախտում է՝ անկախ նրանից կա պետական շահ, թե ոչ: Չնայած ես պետական շահ չեմ տեսնում»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը: