ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի խոսակցությունն, ըստ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի, նրանց շրջապատի մարդիկ են ձայնագրել և տարածել: «ԱԱԾ-ն կապ չունի, իրենց շրջապատից ինչ-որ մարդիկ են ձայնագրել և ջրի երես հանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Ասուլիսին ներկա էր նաև «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ով նկատեց, որ այս միջադեպի հետ կապված Լևոն Զուրաբյանի մեկնաբանությամբ ՀԱԿ-ի իմիջը այդ գաղտնալսման տարածումից բարձրացել է, ինչը, ըստ Լարիսա Ալավերդյանի, տարակարծությունների տեղիք է տալիս: «Կարող են կասկածներ լինել, որ հնարավոր է՝ այդ իմիջը բարձրացնելու համար ՀԱԿ-ից ինչ-որ մեկը նման բան է արել: Մեկնաբանությունների մեջ երկու կողմերն էլ պետք է լինեն զգույշ: Ես կասկածում եմ նաև իշխանություններին և ԱԱԾ-ին: Իմ կասկածները բոլորի նկատմամբ ունեն հիմքեր»,- ասաց Լարիսա Ալավերդյանը և նշեց, որ ՄԻՊ աշխատած տարիներին դեպքեր են եղել, ինչը հիմք է տալիս հիմնավոր կասկածել ԱԱԾ-ին: Նա նկատեց, որ գաղտնալսումների անպատժելիությունը հանգեցնում է նման իրավիճակի, նա հիշեցրեց Մարտի 1-ի գաղտնալսումները:





