AM
21 Դեկտեմբեր 2012 - 05:47 AMT

«Առավոտ». Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Կրեմլի ճնշումներին

Դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ կայացան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզէս-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք միջոցառումներ:

Ըստ «Առավոտ»-ի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջև փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ: «Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի՝ ՀԱՊԿ շրջանակներում ոազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ասել է նա՝ կազմակերպության բոլոր անդամ երկրներին կոչ անելով չմոռանալ այդ սկզբունքի մասին ու չպաշտպանել այն նախաձեռնությունները, որոնք վնաս են հասցնում Հայաստանի շահերին:

«Ավելի ուշ Կրեմլում ԵվրԱզէս-ի և ՀԱՊԿ գագաթնաժողովներից հետո փակ դռների հետևում կայացել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Դրանից առաջ ՌԴ նախագահը երկկողմ բանակցություններ է վարել Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ: Ի դեպ, նախատեսված էր, որ Ուկրաինան պետք է միանար Մաքսային միությանը, բայց այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցը վերջին պահին անսպասելիորեն հետաձգվեց: Մինչդեռ ակնկալվում էր, որ Յանուկովիչը փորձելու է Մոսկվայում հասնել համաձայնության, որպեսզի Ուկրաինան հնարավորինս ցածր սակագին վճարի ռուսական գազի դիմաց: Միևնույն ժամանակ Կրեմլն էլ ցանկանում է, որ Ուկրաինան միանա Մաքսային միությանը:

Ոուսաստանցի բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չհրապարակվեց, օրերս հայտարարել էր, թե միանալով Մաքսային միությանը՝ Ուկրաինան կարող է ավելի ցածր սակագին վճարել ռուսական բնական գազի դիմաց: Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» երեկ հայտնում էր, թե Յանուկովիչի այցը ռուսական կողմի նախաձեռնությամբ է չեղյալ հայտարարվել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նա չի պատրաստվում «կարևոր փաստաթղթեր» ստորագրել: Ինչևէ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Սերժ Սարգսյանը որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի են ունեցել այլ միջոցառումներ, որոնց, սակայն, Սարգսյանը չի մասնակցել, մասնավորապես խոսքը ԵվրԱզէս-ի գագաթնաժողովի ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մասին է, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները: Ասել է թե՝ Մոսկվայում պետք է որոշվեր Հայաստանի՝ ԵվրԱզէս-ին կամ գոնե Մաքսային միությանը անդամագրվելու հարցը, սակայն Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում այս հարցում կարծես որոշակիություն չի արձանագրվել:

Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Կրեմլի ճնշումներին, թե՞ պարզապես Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի չեղյալ հայտարարելը խառնել է Մոսկվայի ծրագրերը… Սա թերևս մի հարց է, որի պատասխանը պարզ կլինի մոտ ապագայում: Սակայն մինչ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ Հայաստանը համեմատելով Կալինինգրադի մարզի հետ՝ նշելով, որ ինչպես Կալինինզրադն է էքսկլավ Ռուսաստանի համար, այդպես էլ Հայաստանը Մաքսային միության համար կլինի էքսկլավ, և որևէ արտառոց կամ անհնար բան չկա: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի այցից առաջ Խրիստենկոն նշել էր, որ Հայաստանն ու Մաքսային միությունը հուշագիր կստորագրեն գալիք տարվա սկզբին: Կարելի է ենթադրել, որ համաձայնագիր կարող է ստորագրվել Պուտինի՝ Հայաստան ժամանելու օրերին, որը ակնկալում են տարեսկզբին»,- գրում է թերթը: