AM
22 Դեկտեմբեր 2012 - 10:32 AMT

Վիոլետա Գաբրիելյան. Ցանկանում ենք հայկական գամփռին գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ –ում

Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք ցանկանում են հայկական գամփռին, որպես ամենահնագույն գելխեղդի, գրանցեն ՅՈՒՆԵՍԿՕ –ում:

«Քանի որ վերջերս «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, մենք ցանկանում ենք, որ գամփռն էլ գրանցվի, որպես Հայաստանի ազգային տեսակ: Հայկական գամփռով հետաքրքրված են ողջ աշխարհում: Մենք դիմել ենք Տիգրան Սարգսյանին և Տարոն Մարգարյանին, և նրանք խոստացել են օժանդակել մեզ»,- ասել է Գաբրիելյանը: Ըստ նրա, 2012 թվականը շատհաջող էր Հայաստանի կինոլոգիական միության համար: Հայկական շները մասնակցել են բազմաթիվ մրցաշարերի և մեծ հաջողություններ են արձանագրել:

Դեկտեմբերի 8-9-ը Գաբրիելյանը Մոսկվայում անցկացված քաղաքապետի գավաթում և աշխարհի առաջնությունում մրցավար է եղել: Նա միակն է Հայաստանում, որ միջազգային կարգի մրցավարի կոչում ունի, այն ստացել է 2010 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ: «Շատ եմ ցանկանում, որ Հայաստանում մրցավարների թիվն ավելանա, ես կանեմ ամեն ինչ, նրանց օգնելու համար»,- նշել է նա:

Կինոլոգիական միության նախագահի խոսքով, ցավալի է, որ իրենք չեն կարողացել ԱԱ ներկայացնել գամփռին, քանի որ շներին ինքնաթիռով մրցավայր հասցնելը բավականին գումար է պահանջում:

Հայաստանի կինոլոգիական միության ներկայացուցիչները ասուլիսի ժամանակ ներկայացրել են 5 ամսական Գայդա անունով գամփռին: