AM
26 Դեկտեմբեր 2012 - 05:33 AMT

ՀԺ. Ո՞վ է լինելու ընդդիմության թեկնածուն

Այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի չառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում, ըստ էության, կանխատեսելի էր: Հիմա, երբ արդեն պաշտոնապես հայտնի է, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, ո՞վ է լինելու ընդդիմության թեկնածուն,- հարցնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Երևի հասկանալի է, որ համաժողովրդական այն շարժումը, որ ձևավորվել էր 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ, հիմա հնարավոր չէ արթնացնել՝ առաջին հերթին ժամանակի սղության պատճառով: Երեկ արդեն, սկսվել էր նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի 2013-ի հունվարի 4-ին: Իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանը, փաստորեն, բոլոր հնարավորություններն ունի սահուն կերպով վերարտադրվելու: Ըստ նրա գծած սցենարի էլ, ինչպես հայտնում են իշխանական աղբյուրները, երկրորդ տեղը պետք է գրավի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (բնականաբար, բավական ցածր տոկոսներով), որն արևմտյան արժեքներ պետք է ներմուծի ՀՀ քաղաքական կյանք, այն է՝ պարտված թեկնածուն պետք է շնորհավորի հաղթած թեկնածուին՝ այդ կերպ փորձելով լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին: Պարզ է նաև, որ մնացած մանր-մունր թեկնածուները, որոնց շքերթը միմոսություն է հիշեցնում, որևէ դեր չեն խաղալու: Նրանք բոլորը միասին կարող են առավելագույնը մեկ-երկու տոկոս հավաքել:

Կա, սակայն, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործոնը: Բայց հասկանալի է, որ նրա շուրջը ևս դժվար թե լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, համենայնդեպս, դժվար թե համաձայնի աջակցել Բագրատյանին: Գոնե այս պահին դա անհավանական է թվում և չի մտնում գծված սցենարի մեջ: Դաշնակցությունն էլ դեռ չի հայտարարել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին, թեև երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն ժողովը, և որոշումը կայացված է: ՀՅԴ-ն, սակայն, մինչև վերջերս հակված էր կա՛մ բոյկոտել ընտրությունները, կա՛մ առաջադրել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին, որը դեմ էր իր առաջադրմանը»,- գրում է թերթը: