ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի առաքելության ղեկավար Աննաբել Ջերիբիին և բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումին:
Նախարարը նշել է, որ միության հետ համագործակցության երկար ճանապարհ են անցել տուբերկուլոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման գործում: Խնդիր, որ մշտական ուշադրություն և նորանոր լուծումներ է պահանջում:
Աննաբել Ջերիրբին ներկայացրել է կազմակերպության առաքելությունը, ձեռքբերումները և նոր նախաձեռնությունները:
Մասնավորապես` նա նշել է, որ ռեգուլյար և դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ և արդյունավետ: 2005 մինչև օրս Հայաստանում ԲԱՍ-ի կողմից բուժօգնություն ստացած դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը 972 է: Նրանցից 225-ը դեռևս բուժման մեջ են: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի և կընդլայնվի:
Առաքելության ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ 2013 թվականի փետրվարին նախատեսում են կազմակերպել վիրաբույժներից բաղկացած թիմի առաջին այցը Հայաստան: Մասնագետները Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերում կկատարեն վիրահատություններ, միաժամանակ տեղի մասնագետների հետ կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ:





