AM
27 Դեկտեմբեր 2012 - 05:44 AMT

«Հրապարակ». Հովհաննես Քոչարյանը հավաստիացնում է՝ այս ընտրություններին մահացածները չեն քվեարկի

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից որոշ անձինք շարունակում են վերցնել 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանքները, որը պարտադիր է ընտրություններում մասնակցելու համար: Վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ նման բովանդակությամբ տեղեկանք անձնագրային բաժնից վերցրել է 13 հոգի: Երեկ նման բովանդակությամբ տեղեկանքներ վերցրել էին իրենց առաջադրվելու մասին արդեն հայտարարած Հովիկ Աղազարյանն ու Մարտիկ Սարգսյանը, տեղեկանք է վերցրել նաև Արամ Հարությունյանը, ով վերջին մի քանի ընտրություններին պարտադիր առաջադրվում է: Հովհաննես Քոչարյանից թերթը փորձեց պարզել՝ սկսե՞լ են ընտրացուցակները ճշգրտելու, վերջնական տեսքի բերելու աշխատանքները: «Ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Այսինքն՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներով մենք մեզ չենք կաշկանդել, որպեսզի ընտրացուցակներն ավելի որակով լինեն: Երբ որ ընտրությունից 40 օր առաջ ցուցակները կհրապարակենք, արդյունքներն էլ այդ ժամանակ կմեկնաբանենք»,- ասել է նա»:

Դիտարկմանը, թե ԱԺ ընտրություններում ընտրողների թիվն ակնհայտորեն ուռճացված էր, մեկ հասցեի վրա 100-ից ավելի մարդ էր գրանցված, ընտրացուցակներում էլ ընդգրկված էին բազմաթիվ մահացած, Հայաստանում չբնակվող մարդիկ, Հովհաննես Քոչարյանն արձաքանքել է. «Ես Ձեզ հետ համակարծիք չեմ, մահացածների անունները շատ-շատ քիչ էին, մեկ-երկու դեպք եղել է, թե չի եղել: Ցուցակները խորհրդարանական ընտրություններից առաջ շատ լավն են եղել: Բոլոր նախորդ ընտրություններից անհամեմատելի մաքուր»:

Թերթի հարցին՝ բացառո՞ւմ եք կեղծ անձնագրերի միջոցով քվեարկությունը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ «մեթոդը» կարծես թե գործի դրվեց, Հովհաննես Քոչարյանը պատասխանել է. «Ես նույնիսկ չեմ ուզում նման անհեթեթությանն արձագանքել: Եթե կեղծ անձնագրի մի դեպք լինի, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կարող է բարձրանալ: Կեղծ անձնագիր՝ նշանակում է կեղծ անհատական տվյալներով անձնագիր, բայց դրանք անհեթեթություններ են: Ընդամենը շահարկումների հերթական փուլն է սկսվում, ուրիշ լուրջ բան չկա»: