Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» խմբակցության տարեվերջյան մամուլի ասուլիսը: Խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանն ամփոփել են 5-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների Ազգային ժողովի և խմբակցության աշխատանքներն անցնող տարում:
Թևան Պողոսյանը դրական է գնահատել Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը և ԱԺ փոքրամասնության կողմից արտահերթ նիստ հրավիրելու հաջողված փորձը:
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ քննադատելով և իր անհամաձայնությունը հայտնելով հնչեցված մտքերի հետ: Այդ առիթով նա մեջբերել է նաև ՀՀ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ շուրջ 20 տարի առաջ հնչեցրած խոսքերը.
«Սա Հայաստանն է և վերջ… Ոչ ոք չի կարող ասել, որ սա Հայաստանը չէ, ոչ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել, ինչպես նաև մնացած հայոց հողերը: Ոչ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը…»:
Փոստանջյանը մասնավորապես նշել է, որ այն «հնոտիքից», որի մասին խոսում է հանրապետության նախագահն իր ելույթում, իսկապես պետք է ազատվենք՝ ասպարեզը թողնելով նոր սերնդին:
Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից:





