ԼՂՀ մասին Վրաց պատրիարք Իլյա 2-րդի՝ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված հայտնի հայտարարությանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով՝ վրաց պատրիարքը նման բան չէր ասի կամ էլ ասել է առավելագույնը այնպիսի ձևակերպմամբ, որ վրացիներն ու ադրբեջանցիներն ունեն տարածքային խնդիրներ: Տրամաբանական է, քանի որ Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն էլ հավանաբար առիթ է տվել խեղաթյուրելու նրա խոսքերը:
«Վերջին 10 տարվա ընթացքում Բիձինա Իվանիշվիլին աջակցել է վրաց ուղղափառ եկեղեցուն, մեծ գումարներ ծախսել եկեղեցաշինության գործում, ու մենք պետք է հասկանանք, որ պատրիարքը շատ կապված է նոր վարչապետի հետ և չէր անի այդ քայլը Իվանիշվիլիի Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ: Իլյա 2-րդն ունի վրացիների 98 տոկոսի համակրանքը»,- ասաց Ջոնի Մելիքյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, եկեղեցին կարող են միջամտել, այդ միջամտությունը պետական մակարդակով էլ կարող է լինել, բայց պիտի հաշվի առնել, որ այն ամենը ինչ ասվում և արվում է այստեղ, ուղղակի անդրադարձ է ունենում վիրահայ համայնքի վրա:





