(?)Պարոն Այվազյան, ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ պայքարից:
(!)Օրենքներով և Սահմանադրությամբ չէր արգելվում, որ ես առաջադրվեմ: Ես ԲՀԿ նախագահության և քաղխորհրդի անդամ չեմ: Առանց որևէ խոչընդոտի կարող էի առաջադրվել, սակայն որոշ լրատվամիջոցներ սխալ ներկայացրեցին իմ առաջադրումը, և անգամ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ, կարծես, անտեսում եմ ԲՀԿ-ի որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ես դեմ եմ, որ մտնեմ մի կուսակցության մեջ ու իրենց թիկունքից հարվածեմ: Սիրուն բան չի ստացվում:
(?)Դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ տեղյակ եք ԲՀԿ որոշման մասին և գիտեք, որ ԲՀԿ-ն ընտրություններում թեկնածու չի առաջադրելու և որևէ մեկին չի սատարելու ու եթե կուսակցությունում քննարկեն հարցը, կարող են հեռացնել Ձեզ ԲՀԿ-ից: Ինչպե՞ս ստացվեց, որ հիմա նման որոշում կայացրեցիք:
(!)Իմ կուսակցական ընկերների հետ խոսելուց հետո պարզվեց, որ ԲՀԿ-ում նման որոշում կայացնելու իրավունք չունեն: Ճիշտ չներկայացվեց իրավիճակը և մի տեսակ ակամա վիրավորական կամ սխալ ընկալում առաջացավ:
(?)Ձեր որոշումը կայացրեցիք միայն ընկերների հետ քննարկումներից հետո, թե՞ հարցը ԲՀԿ ավելի բարձր օղակներում էլ է քննարկվել:
(!)Ես չեմ կարող ասել իմ ընկերները քաղխորհրդի անդամ հանդիսանում են, թե՝ ոչ: Բայց որ նրանք բարձրաստիճան դիրքերում են, դա միանշանակ է:
(?)Ձեր թեկնածությունը դնելու և հանելու ընթացքում ԲՀԿ-ից արձագանքներ եղե՞լ են:
(!)Իմ թեկնածությունը դնելուց առաջ որևէ արձագանք չի եղել: Ես որևէ մեկին չեմ ասել, անգամ ընտանիքիս անդամներն են հեռուստատեսությունից իմացել: Երկու տարվա ընթացքում ես ծրագիր գրեցի: Տեսնում էի, որ օրենքի ուժով Հայաստանը թալանվում էր:
(?)Ափսոսո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն նման դիրքորոշում է հայտնել, իսկ դուք էլ դուրս եք գալիս պայքարից:
(!)Ես պաշտոնի համար չեմ առաջադրվել: Ինձ համար կարևորը այն էր, որ իմ գրած ծրագիրը կյանքի կոչվեր և կարողանայի այս դժվարին իրավիճակից դուրս բերել երկիրը: Կուզենայի, որ թեկնածուներից գոնե մեկը ընդուներ այն և ես նրա հետ միասին իրականացնեի դա:
(?)Եվ վերջում՝ ըստ Ձեզ, ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում և ինչպիսի՞ ելք կունենան դրանք:
(!)Ընտրությունները կլինեն ազատ, բայց ոչ՝ մրցակցային: Որոշ մարդիկ չառաջադրվեցին, մրցակցային չեն: Իսկ առաջադրված թեկնածուներն էլ իրենց ծրագրերում «ջուր են ծեծում» և նոր բան չեն ասում: Ընտրապայքարի մեջ մտած շատ թեկնածուներ «դեկորացիա» են, որ ցույց տան, որ արդար, ժողովրդավարական ընտրություններ են:





