Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել էԵվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:
Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարոսը կարևորեց խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձևավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի մեջ է, և ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը միմյանց տալու շատ բան ունեն: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանի եվրոպական քաղաքականությունը գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա:
«Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով` ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ:
Հայաստանը այս երկու տարիների ընթացքում նախաձեռնել է կոնկրետ քայլեր, որոնք վկայում են եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի հանձնառության լրջության մասին»,-ասել է ԱԺ նախագահը:





