AM
10 Հունվար 2013 - 12:29 AMT

2012թ. «911» արագ արձագանքման ծառայությունը ստացել է 1.2 միլիոն զանգ

ՀՀ ԱԻ նախարարության «911» արագ արձագանքման ծառայությունը կարճ ժամանակում նվաճել է մեր համաքաղաքացիների վստահությունը, ինչի մասին վկայում է այնտեղ ստացվող զանգերի օր օրի աճող թիվը։ Ինչպես հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, «911»-ը մշտապես գտնվում է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուշադրության կենտրոնում, զարգանում, ավելացնում հնարավորություններն ու տեխնիկական զինվածությունը։

Անցյալ տարվա ընթացքում ՀՀ բջջային երեք օպերատորներից ստացված տվյալների համաձայն` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայությունը ստացել է շուրջ 1.2 միլիոն զանգ (չհաշված անալոգային կայաններից ստացված զանգերը)։ Այս թիվը զգալիորեն գերազանցում է հանրապետության արագ արձագանքման մյուս ծառայություններում ստացված զանգերի թիվը միասին վերցրած։

Ստացվող զանգերի թվում քիչ չեն նաև դեպքեր, երբ մարդիկ զանգահարում են իրենց երախտագիտությունը հայտնելու «911» ծառայությանը, հրշեջ-փրկարարներին և փրկարարներին` արագ ու պրոֆեսիոնալ արձագանքի, ճիշտ ու գրագետ կազմակերպված հրդեհաշիջման, խորհրդատվության, հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար։