AM
10 Հունվար 2013 - 13:01 AMT

Նախագահի էպոսագետ թեկնածուն գիտության 10 տոկոս ֆինանսավորում է խոստանում

Գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նախընտրական ծրագրում գիտության զարգացումն առաջնային տեղ է գրավում: Նախագահի թեկնածուն հատկապես կարևորում է ճշգրիտ գիտությունների զարգացումը՝ ֆիզիկա, մաթեմատիկա և քիմիա: «Դրանք այն ոլորտներն են, որոնք չպետք է թողնել այս վիճակում: Այն ազգը, որն անուշադրության է մատնում գիտության այս ճյուղերը, վերածվում է քոչվոր ցեղի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Սեդրակյանը:

Նախագահի թեկնածուն նկատեց, որ այս ճյուղերի զարգացման համար մեր երկրում մեծ պոնտենցիալ կա: «Ֆիզիկայի զարգացման համար կա շատ հզոր բազա՝ սկսած Ատոմակայանից և Բյուրականի աստղադիտարանից: Չմոռանանք, որ մենք ժամանակին արագացուցիչ ունեինք, որը միայն մի քանի պետություն ուներ: Մերգելյանի ինստիտուտ ունենք, որի տարածքը տալիս են, որ կահույք պահեն»,- ասաց նախագահի թեկնածուն:

Նա նշեց, որ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր գիտությամբ զբաղվելու համար կամ մեկնում են արտասահման, կամ էլ՝ աշխատում են արտասահմանյան կառույցների համար: «Պետք է ոչ միայն գիտնականներին փող տալ աշխատությունների համար, այլև պետությունը պետք է կարողանա լինել գնորդ: Ասենք, լավ, գիտնականին տանք 500 հազար դոլար աշխատավարձ: Գիտեք ինչ՞, մենակ աշխատավարձով չէ: Այդ գումարները ինչ-որ ձևով պե՞տք է հետ գան պետությանը: Այսինքն պետք է ստեղծվեն գործարաններ, համալիր կառույցներ և այլն»,- նկատեց նա:

Ըստ Վարդան Սեդրակյանի՝ պարզապես անհրաժեշտ է, որպեսզի պետությունը հանդես գա որպես պատվիրատու, գիտնականների աշխատանքները գնի և դնի կիրառության մեջ: «Մենք և ուղեղներ ունենք, և բազա»,- ասաց նա:

Վարդան Սեդրակյանը նաև ասաց, որ պետք է ստեղծել ռազմաարդյունաբերական համակարգ: «Այժմ մենք գնում ենք զինատեսակներ, որոնք կարող ենք շատ ճշգրիտ արտադրել մեր երկրում»,- ավելացրեց նա:

Նախագահի թեկնածուն կարծում է, որ բյուջեի առնվազն 10 տոկոսը պետք է հատկացնել գիտության ֆինանսավորմանը: Նա ընդգծեց, որ գիտության հետ զուգահեռ պետք է զբաղվել նաև կրթության ոլորտի զարգացմամբ: Եվ դա միայն դպրոցների վերանորոգումը չպետք է լինի, նախ պետք է փոխել կրթական համակարգը և վերադառնալ 10-ամյա կրթական համակարգին:

Թեկնածուի նախընտրական ծրագրի հիմքում հայ ժողովրդի էպոսն է, Վարդան Սեդրակյանը նկատեց, որ «Սասնա Ծռեր»-ում շատ լավ ներկայացված է գիտական համակարգը: «Հրեղեն ձին, որ կարողանում է հաղթահարել ժամանակ և տարածություն, գիտությու՞ն չէ»,- ասաց նա: Նա նկատեց, որ էպոսում գիտությանը շատ կարևոր տեղ է հատկացված: