Ազդեցիկ ուժերը, մի կողմ քաշվելով ու թեկնածու չառաջադրելով, Սերժ Սարգսյանին վերընտրվելու հնարավորություն տվեցին: Կարծիքը ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանինն է: Այսօր ասուլիս ժամանակ նա և «Ժառանգություն» կուսակցությունից Թևան Պողոսյանը խոսել են առաջիկա ընտրությունների մասին:
«Ըդդիմությունն այդպես վարվեց, քանի որ կամ Սերժ Սարգսյանի ծրագրին համարժեքը չունեին, կամ որոշակի քաղաքական համաձայնություն կար», – ասաց Ազատ Արշակյանը, իսկ «Ժառանգության» թեկնածուի մասին ավելացրեց.« Ռաֆֆի Հովհաննիսյանը շանս ունի ներկայանալու իր տեսակով: Ասիմիլյացված սփյուռքահայի կերպարը լավն է: Նրա միջոցով սփյուռքը ներկայանալի է դառնում Հայաստանի ներքաղաքական կյանքում»:
Նրան պատասխանելով` Թևան Պողոսյանը նշեց.«Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր մեջ համախմբում է Սփյուռքը, բայց նա շատ ավելի հայաստանցի է, քան շատերը: Նա բերելու է նոր Հայաստանի ծրագիր և համոզելու է հասարակությանը, որ այն ավելի լավն է: Մենք պիտի կարողանանք այնպես անել, որ փետրվարի 18-ին բոլորը գնան ընտրությունների: Տանը նստելով ոչինչ չես փոխի ու դեռ կօգնես այս իշխանություններին վերարտադրվել, իսկ գործող իշխանությունները պետք է հեռանան, քանի որ սա այն Հայաստանը չէ, որտեղ ժողովուրդը ցանկանում է ապրել»:
Ազատ Արշակյանի խոսքով` «Ժառանգությունը» հենց իշխանություն է, քանի որ ԱԺ-ում խմբակցություն ունի և պետականության դաշտում է, իսկ քաղաքացին մասնակցելու է ընտրություն կոչվածի միայն քվեարկության մասին:





