AM
11 Հունվար 2013 - 12:37 AMT

Հովիկ Աբրահամյանը Մարտին Շուլցին պատմել է ԼՂ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի սադրանքների մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

«Վստահ եմ, որ տեղյակ եք, թե որ կողմն է արգելակում նման որոշումների ընդունումն ու իրագործումը: Վստահեցնում եմ Ձեզ, որ հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ջատագովն է և իր քայլերը մշտապես կատարելու է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև նկատել է, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և նշել, որ դրանց կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կապ չունի և չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահայմայնը Բրյուսել էր մեկնել պաշտոնական հրավերով: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադարձել հունվարի 10-ին: