2013 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայթերի մաքրումը, այդ թվում՝ խստորեն վերահսկելով վարչական շրջաններում առկա տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ապահովումը: Այս դրույթն ամրագրված է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որով վարչական տույժ նշանակելու իրավունք այսուհետ ունեն նաև Երևանի քաղաքապետն ու նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:
«Բոլոր այն տնտեսվարողները, ովքեր չեն կատարի իրենց պարտավորությունները, մեզ վերապահված լիազորությունների շրջանակում կենթարկվեն պատասխանատվության: Սա վերաբերում է ոչ միայն ձնամաքրման աշխատանքներին, այլև ողջ տարվա ընթացքում հարակից տարածքները մաքուր, բարեկարգ ու կանաչապատ պահելուն»,- նշել է քաղաքապետը:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տոնական օրերին քաղաքապետի հանձնարարությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվել առողջապահական հիմնարկներում: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում ստացված բոլոր կանչերը օպերատիվ սպասարկվել են:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկումը տոն օրերին իրականացվել է երկարաժամյա ժամանակացույցով: Երկու միկրոավտոբուսային երթուղիներ էլ Ամանորին ընդառաջ փոխարինվել են ավտոբուսայինով: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը սպասարկման որակի նկատմամբ:





