AM
15 Հունվար 2013 - 05:34 AMT

«Ժողովուրդ». Ծառուկյանի փեսան կարգադրել է աշխատել Սերժ Սարգսյանի օգտին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը շաբաթ օրը՝ հունվարի 12-ի երեկոյան, համայնքի ղեկավարներին իր մոտ է հրավիրել: «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան նրանց հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար: Նիստին ներկա գտնվողներն անգամ ելույթներ են ունեցել՝ ի պաշտպանություն ՀՀԿ առաջնորդի: Հանդիպմանը մասնակցել են նաև Աբովյանի ՀՀԿ խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի օգնական Գեղամ Հայրապետյանը, Նոր Գյուղ համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանը:

Լուրի իսկությունը թերթը փորձեց ճշտել նշված անձանցից: Գրիշա Թադևոսյանը հաստատեց, որ Գուլոյանի մոտ նիստ է եղել՝ նվիրված նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կոնկրետ ինչ է հանձնարարվել իրեն, Թադևոսյանը հրաժարվեց պատասխանել: Իսկ Կոտայքի մարզպետի օգնականն ասաց, թե նման նիստ չի եղել: Քաղաքապետի հեռախոսն էլ անջատված էր»,- գրում է թերթը: