Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը վստահ է, որ կընտրվի, եթե ընտրությունները լինեն իրավաչափ: «Մենք ամեն ինչ կանենք, որ ընտրությունները չկեղծվեն, իսկ եթե կեղծվեն ամեն ինչ կանենք, որ դրանք իրավական ուժ չստանան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արման Մելիքյանը:
Նախագահի թեկնածուի բնորոշմամբ՝ իրենց խնդիրն է ապահովել, որ ընտրությունները լինեն իրավաչափ: «Մենք իրավաչափությունը կորոշենք ընտրություններից առաջ, քարոզարշավի հենց առաջին օրից սկսած»,- նկատեց նա:
Այսօր Արման Մելիքյանը ԿԸՀ նախագահին ուղղված նամակ ստորագրեց, որով խնդրում է, որ Տիգրան Մուկուչյանն աջակցի ընտրությունների օրինական լինելուն և հրապարակվեն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների բոլոր տվյալները՝ թե քանի հոգի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, քանի հոգի քաղաքացիություն ունի, բայց չի բնակվում ՀՀ-ում և այլն: Արման Մելիքյանը տեղեկացրեց, որ գործարկվել է բլոգ, որտեղ սփյուռքում բնակվող Հայաստանի քաղացիները կհայտնեն մասնակցելու են ընտրություններին, թե՝ ոչ:
«Այսպիսով մենք կունենանք տվյալներ, թե քանի ընտրող է մնացել և կկարողանանք համեմատել: Սա մարտահրավեր չէ իշխանություններին, նրանք պետք է համագործակցեն, իսկ եթե հրաժարվեն հրապարակել ընտրողների տվյալները, մենք կնվազեցնենք նրանց վարկանիշը»,- նշեց նախագահի թեկնածուն:
Նա նաև հայտնեց, որ ունենալու է վստահված անձինք: Նրանց թվում են լինելու նաև ՕԵԿ և ՀՀԿ շարքային անդամներ և որևէ մեկը չի մեղադրի, որ իր վստահված մարդիկ փորձում են իրենց կուսակցի շահերն առաջ տանել: «Մեր խնդիրը կլինի այն, որ կհայտարարենք, թե ինչպիսի խախտումներ են եղել: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր մեզ կսատարեն, նրանք անբասիր անցյալ ունեն, ղեկավար պաշտոնների չեն եղել»,- ասաց Արման Մելիքյանը:
Նա նկատեց, որ ինքը ցանկանում է, որ Հայաստանի՝ իր և մյուս քաղաքացիների կողմից իսկապես լիազորված իշխանություն լինի, որը մարդկաց փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք կունենա:





