ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր նախըտրական ծրագրի արտաքին քաղաքականության հատվածը: Բագրատյանը մոտ 10 ուղղություն է առանձնացրել, որոնք կլինեն իր ուշադրության կենտրունում, եթե ընտրվի:Դրանք են՝
1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ մեր աշխարհով մեկ սփռված ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։
2. Արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն՝ պրոեվրոպական, պրոռուսական կամ պրոամերիկյան մւտեցումների գերակայությունը կարող է հանգեցնել մեր տարածքում գերտերությունների շահերի բախմանը։ Հայաստանը չի կարող իր տարածքում թույլ տալ գերտերությունների շահերի հակասությունների հետագա խորացում։
3. Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ։
4. Ցանկացած նոր օրենք, որոշում, ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր, ինչի կիրարկման արդյունքում առկա է ինքնիշխանության (սուվերենության) կորուստ, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո։
5. ԼՀՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂՀ-ի և Ադբեջանի միջև տեղափոխելու դեպքում։
6. ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում։
7. Ուժերի հետագա հավասարակշռվածությունը Ադրբեջանի օգտին չթեքելու համար անհրաժեշտ է մասսայաբար բնակեցնել Հայաստանը և ԼՂՀ Ադրբեջանից մազապուրծ փախած հայերով, սիրիահայերով։ Պետք է կյանքի կոչել «Նոր հայրենիք», «Նոր Հալեպ» ծրագրերը։
8. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ խնդիր է։ Իսկ դա հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։
9. Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ երկրների ինքնիշխանությանն օժանդակելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է։
10. Սփյուռքահայության հետ հարաբերությունները պետք է զարգացնել նկատի ունենալով նրանց Հայաստանում ներդրող ու ակտիվ գործարար լինելու կարգավիճակը։ Այլ օգնություն, բացառությամբ բարեգործական ու հումանիտար ակցիաների, մեզ պետք չէ. Դա վնասում է և մեզ, և սփյուռքահայերին։ Սփյուռքի պասիվ ներդրողների համար (պորտֆելային) համահայկական բանկը կվերածվի համահայկական ներդրումային հիմնադրամի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարգի կառույցների գործունեությունն աստիճանաբար կսառեցվի։





