Հայ-վրացական հարաբերություններում երկար ժամանակ նոր տեղաշարժ չի արձանագրվի: Ընդ որում՝ Հայաստանը և Վրաստանը միայն հարևան երկրներ են` ոչ ռազմական, ոչ տնտեսական ու մշակութային գործընկերներ: Նույնիսկ ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս հակասություններ, որոնք ցույց են տալիս, որ չհղկված շատ հարցեր կան: Նշվածին վրացագետ Հայկազուն Ալվրցյանն այսօր ասուլիսի ժամանակ ավելացրեց.«Հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի միջպետական հարաբերություններ չի կարելի համարել: Վրաստանն ընտրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմատնտեսական գործընկերության, իսկ Հայաստանի հետ ուղղակի հարևանության անելու ճանապարհը»:Վրացագետը նշեց, որ առաջիկա տասնամյակում հակասությունները չեն լուծվի, քանի որ Իվանիշվիլին շարունակում է Սահակաշվիլու արտաքին քաղաքականության կուրսը:
«Վրաստանն էլ իր պետական շահն ունի: Տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործակցությունից պարտավորություններ ունի Հայաստանի դեմ, բայց նաև այդ երկրների կապիտալի կարիքը», – ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի դեմ Վրաստանի պարտավորություններից է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեկուսացմանը մասնակցելը:
«Ճանապարհները երկարեցվում են, ծախսերը մեծացնում, գործող երկաթուղիներ շրջանցվում միայն Հայաստանին մեկուսացնելու համար: Նավթամուղերը, գազամուղերը, երկաթգծերը կառուցում են` Հայաստանին դուրս թողնելով բոլոր նախագծերից», – ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Հայաստանի դեմ Վրաստանի տրամադրվածությունը վրացագետը հիմնավորեց նաև նրանց պատմության դասագրքերում նշված սահմաններով, որի արդյունքում ստացվում է, որ Վրաստանը նաև տարածքային պահանջներ ունի:





