AM
15 Հունվար 2013 - 15:11 AMT

Գլխավոր դատախազությունը կվերահսկի լրատվամիջոցների հրապարակումները

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հունվարի 14-ի հրամանով ՀՀ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Աշխատանքային խմբի նպատակը ՀՀ նախագահի` 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում՝ ԶԼՄ-ների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելը և միասնական պրակտիկա ապահովելն է:

Աշխատանքային խմբում ընդգրկված են դատախազության տարբեր վարչությունների և ստորաբաժանումների դատախազներ: Աշխատանքային խումբը քննարկման կընդունի ընտրական իրավունքի խախտումների հետ կապված հաղորդումները, կլուծի դրանց ենթակայության հարցերը, կքննարկի ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումները և հնարավորինս սեղմ ժամկետներում դրանց ընթացք կտա:

Բացի այդ, աշխատանքային խումբը կուսումնասիրի նաև զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, սահմանված կարգով կուղարկի ըստ ընդդատության քննարկման: Հրամանի կատարման շրջանակում դատախազության ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի վրա: