AM
16 Հունվար 2013 - 09:05 AMT

Ստեղծվում է Համահայկական բնապահպանական ճակատ

Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել, որով ազդարարել են Համահայկական բնապահպանական ճակատի ստեղծման մասին:

«Փաստելով, որ ներկայումս Հայաստանում և Արցախում, օգտվելով հանրության լայն շրջանակներում էկոգիտակցության ոչ բավարար մակարդակից, բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտի անկատարությունից և պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիոն երևույթներից, մեծ թափով ընթանում է էկոգաղութացում, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական ճորտացման և համատարած արտագաղթի և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ հայտարարում ենք Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) ստեղծելու գաղափարի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀԲՃ նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ ցանցի գործունեությունն իրականացնելու համար կստեղծվի համակարգող խորհուրդ, որը կհամակարգի տարածքային և ոլորտային սկզբունքներով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը (այդ թվում` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական-քարոզչական, իրավաբանական ապահովման, ակտիվ գործողությունների և այլն): Խորհրդի անդամ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ աշխատանքները կատարելու պատասխանատվությունը և կկիսեն ՀԲՃ-ի նպատակներն ու գաղափարները: Համակարգող խորհրդի ընթացիկ աշխատանքի համադասման նպատակով` այդ պարտականությունն առաջարկվում է մեկամսյա ժամկետներով հերթականությամբ (օրինակ` այբբենական կարգով) հանձնարարել նրա անդամներին: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը կիրառելու համար կկազմվի խորհրդատվական մարմին, որտեղ կներառվեն ոլորտի հայտնի գիտնականներն ու հանրային գործիչները: Կձևավորվեն կառույցներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Լոս Անջելեսում և Մոսկվայում: