AM
21 Հունվար 2013 - 10:50 AMT

Քաղաքագետը թեկնածուներին երեք խմբի է բաժանում` Սարգսյանի, Հովհաննիսյանի և տարօրինակ մարդկանց

Այն, որ Հայաստանի նախագահի ընտրությունները կլինեն ոչ այնքան մրցակցային, նախագահ Սարգսյանի մեղքը չէ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այս տեսակետը հիմնավորեց նրանով, որ ընդդիմությունը մնում է չմիավորված: «Մենք տեսնում ենք անհատների մրցապայքար, ոչ թե քաղաքական կուրսերի: Սա նաև ցույց է տալիս քաղաքական բանավեճերի ցածր մակարդակը»,- նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա կարծում է, որ ընտրությունները փորձություն կլինեն, բայց նաև հնարավորություն Սերժ Սարգսյանի համար: Նա կարող է քաղաքական, սեփական ժառանգություն ստեղծել: «Եթե նախագահի պաշտոնավարման առաջին շրջանը նվիրված էր մարտի մեկի հետևանքները հաղթահարելուն, երկրորդ պաշտոնավարման ժամանակ նա հնարավորություն ունի դուրս գալու Քոչարյանի ստվերից»,- նկատեց փորձագետը:

Անդրադառնալով նախագահական ընտրապայքարի մեջ մտած քաղաքացիներին` Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց. «Երեք խումբ կարելի է առանձնացնել նախագահի թեկնածուների՝ Սարգսյանի, Հովհաննիսյանի և տարօրինակ մարդկանց խումբ»:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` այս ընտրություններում իշխանությունների համար ամենալուրջ մարտահրավերը կլինի հասարակության ոչ ակտիվ մասնակցությունն ընտրություններին, ինչպես նաև ազատ և արդար ընտրություններ ապահովելը:

Նշենք, որ ընտրությունուններին քաղաքացիների մասնակցության հնարավոր պասիվությամբ անհանգստացած է նաև ընդդիմադիր թևը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա թիմը բազմիցս հայտարարել են, որ իրենց խնդիրն է լինելու ընտրությունների օրը հիսթափված հասրակությանը դուրս բերել տներից: